Ծնողական իրավունքներն ու դրանց իրականացումը.

Հայաստանի Հանրապետությունում ծնողական իրավունքներն իրականացնելիս  ճանաչվում է ծնողների իրավահավասարությունը:
Երեխաների դաստիարակությունն ու կրթությունը կազմակերպելու, նրանց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացմանը մասնակցելու, նրանց իրավունքներն և շահերը ներկայացնելու, նրանց հետ անարգել շփվելու իրավունքներն այն հիմնական իրավունքներն են, որոնցից ածանցվում են ծնողների համար օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ իրավունքներ:

Ծնողներն ազատ են իրենց վերապահված իրավունքների իրացման միջոցների ընտրության հարցում: Ազատությունն, այնուամենայնիվ, բացարձակ չէ, քանի որ ընտրված միջոցները պետք է ապահովեն երեխայի լավագույն շահերը, այդ թվում՝ չվտանգեն վերջինիս ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր զարգացմանը:
Գործող օրենսդրությունը ծնողներին ուղղակիորեն պարտավորեցնում է ընտրել  դաստիարակության այնպիսի եղանակները, որոնք կբացառեն երեխաների նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Երբ ծնողն իր գործողություններով կամ վարքագծով վտանգում է երեխայի հոգեկան, մտավոր կամ բարոյական զարգացմանը, դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է սահմանափակել նման ծնողի ծնողական իրավունքները, իսկ օրենքով սահմանված դեպքերում անգամ զրկել դրանցից:
Ինչպես արդեն նշվեց, ծնողներն իրենց երեխաների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ, հետևաբար երեխային առնչվող ցանկացած հարցում վերջիններս պետք է գործեն փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Ծնողների իրավահավասարությունը պահպանվում է նաև ծնողներից մեկի՝ երեխայից առանձին ապրելու դեպքում:
Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Հարցը լուծելիս դատարանը ելնում է երեխայի լավագույն շահերից՝ հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։ Դատարանը լսում է նաև երեխայի կարծիքը, որը թեև ընդհանուր առմամբ դատարանի համար պարտադիր չէ, այնուամենայնիվ, կապված գործի հանգամանքներից և տվյալ քաղաքացիական վեճով ուշադրության համար արժանի հանգամանքներից, կարող է որոշիչ լինել:
Կարևոր է նկատի ունենալ, որ երեխայի բնակության վայրը մյուս ծնողի բնակության վայրը սահմանող դատական ակտի առկայության դեպքում ևս ծնողը պահպանում է տվյալ ծնողի հետ ծնողական իրավունքների իրացման հարցում ունեցած իրավահավասարությունը: Ըստ այդմ՝ առանձին ապրող ծնողն իրավունք ունի անարգել շփվել երեխայի հետ, շարունակել ակտիվորեն մասնակցություն ունենալ  նրա դաստիարակության և կրթություն ստանալու հարցերին, իսկ երեխայի հետ ապրող ծնողը պարտավոր է չխոչընդոտել առանձին ապրող ծնողի իրավունքների իրականացմանը:
Այն դեպքում, երբ ծնողներին չի հաջողվում ձեռք բերել փոխադարձ համաձայնություն երեխային առնչվող հարցերում, դրանց լուծումը կարող են վերապահել խնամակալության և հոգաբարձության մարմնին կամ դատարանին: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող ցանկացած հարց լուծելիս կրկին հաշվի է առնվում  երեխայի կարծիքը։
Վերջում հավելենք, որ օրենքի ուժով ծնողական իրավունքներհը ծնողի մոտ դադարում են երեխայի տասնութ տարեկանը լրանալիս, ինչպես նաև սահմանված կարգով ամուսնանալիս կամ երբ օրենքով սահմանված կարգով մինչև չափահաս դառնալը երեխան ձեռք է բերում լրիվ գործունակություն (էմանսիպացիա):

- Հստակեցվել են ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital