Երևան քաղաքի ավագանին 15 հունվարի 2019 թվականի N 50-Ն որոշմամբ Տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններ է սահմանել փոքր տնտեսվարող սուբյեկտների համար 2019թ-ի համար: Որոշումն ուժի մեջ է մտել 2019թ-ի հունվարի 26-ից:

Մասնավորապես՝ սահմանվել, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.
1) Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.
2) Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով.
3) Երևանի վարչական տարածքում հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը` տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական ռեգիստրի վկայականների պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքը:
Որոշման 1-ին կետում նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսավարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից:
Սույն կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում են սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքի:
Որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital