ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2018 թվականի օգոստոսի 1-ին թիվ ԼԴ/0024/11/17 քրեական գործով անդրադարձել է Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությանը:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ քրեական գործերի քննության շրջանակներում դատարանն իրավասու չէ քրեական դատավարության կարգով քննություն իրականացնելու քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ և հաստատելու այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր: Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների` քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ, և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ: Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: Ուստի ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական հարաբերություններում :
Վճռաբեկ դատարանը նախկինում ևս արտահայտել է իրավական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ , երբ միջոցներ է ձեռնարկվում քրեական դատավարության կարգով լուծելու քաղաքացիական դատավարության կարգով հաստատման ենթակա փաստական հանգամանքներ, որի պարագայում դատարանը դուրս է գալիս իր իրավասության սահմաններից:
Վերահաստատելով վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում: Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital