ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերը Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ է ներմուծել 0511 99 853 9 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ապրանք: Տվյալ դեպքում ապրանքի ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, թե՞ ոչ:

ՀՀ հարկային օրենսգրքի`
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,
- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը,
- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն),
- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
"Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից" ՀՀ օրենքով (29.06.2001թ., ՀՕ-195) սահմանված է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նշված ԱՏԳ ԱԱ 0511998539 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման մասով 29.06.2001թ. ՀՕ-195 օրենքով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված չէ: ԵՏՄ անդամ պետություններից նշված ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման մասով կազմակերպությունը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն և հաշվարկել ու վճարել ԱԱՀ` օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital