Շրջանառության հարկ վճարող համարվող "Ա" կազմակերպությունը վաճառում է իրեն պատկանող գույքը, որի կադաստրային արժեքը կազմում է 49.917.155 ՀՀ դրամ, ինչպես նաև ՍՊԸ-ին պատկանող տարածքը, որի համար ֆիզ. անձ հանդիսացող գնորդը պատրաստվում է վճարել 30.000.000 ՀՀ դրամ: Տվյալ դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

ՀՀ հարկային օրենսգրքի`
- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,
- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,
- 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,
- 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի "ա" ենթակետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այնուհետ նույն կետում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով,
- 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարող կազմակերպության կողմից անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով: Ընդ որում` շրջանառության հարկով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթներին համապատասխան` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital