Ընտանեկան վեճերով հաշտարարությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքի հիման վրա: Այն ապահովում է վստահելի և անվտանգ միջավայր գործընթացի համար: Գաղտնիության սկզբունքը պաշտպանում է կողմերի կողմից տրամադրված տեղեկատվությունը, փաստաթղթերը և բանակցությունների բովանդակությունը, երաշխավորելով, որ դրանք չեն բացահայտվի երրորդ անձանց կամ չեն օգտագործվի այլ նպատակներով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Գաղտնիությունը խթանում է բաց և ազնիվ հաղորդակցություն, քանի որ կողմերը կարող են քննարկել վեճի մանրամասները՝ առանց մտավախության, որ տեղեկատվությունը կարող է օգտագործվել իրենց դեմ: Այն դեպքում երբ հաշտություն չկնքվի և գործը դատարանում դառնա քննության առարկա, հաշտարարության գործընթացում արված հայտարարությունները դատավարության որևէ կողմի կողմից չեն կարող օգտագործվել դատավարությունում, ինչը կողմերին իրապես ազատություն է տալիս հաշտարարության փուլում լինել բաց՝ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում:

Հայաստանի Հանրապետությունում այս սկզբունքը երաշխավորում է «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքը:

Դատական պրոցեսը, ի տարբերություն հաշտարարության, առավելապես բաց և հանրային է, քանի որ նրա նպատակն է երաշխավորել արդարադատության թափանցիկությունը: Հայաստանի օրենքներով դատական նիստերը հիմնականում անցկացվում են բաց ձևով, բացառությամբ հատուկ դեպքերի, երբ դատարանը կարող է որոշել գործի քննությունը դռնփակ իրականացնելու մասին: Դատավարության ընթացքում ներկայացված տվյալները, ներառյալ փաստաթղթերը և վկայությունները, դառնում են գործի բաղկացուցիչ մաս և կարող են հասանելի լինել երրորդ կողմերին կամ օգտագործվել այլ վարույթներում: Գաղտնիության աստիճանը ցածր է, քանի որ դատարանի վճիռներն հրապարակվում են բոլորին հասանելի հարթակում՝ ապահովելու հանրային վստահությունն ու օրենքի գերակայությունը:

Եթե անգամ Դատարանը որոշում կայացնի գործը դռնփակ իրականացնելու մասին, երեխային առնչվող հարցերով միևնույնն է ընդգրկվում է Խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ գործով եզրակացություն տալու նպատակով: Այս մարմինն իր աշխատանքն իրականացնում է հանձնաժողովի միջոցով, ուր առնվազն մեկ տասնյակի հասնող աշխատակիցներ տեղեկանում են ընտանեկան գործի զգայուն մանրամասներից:

Հաշտարարության գործընթացում, մինչդեռ երրորդ՝ վեճի հետ առնչություն չունեցող անձինք լիցենզավորված հաշտարարի կողմից գործընթացին մասնակից չեն դարձվում, ինչը լավագույնս է ընդգծում ընտանեկան գործերով հաշտարարության առավելությունը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital