Փոփոխությունները վերաբերում են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգի խախտումներին, ինչպես նաև օրենքով սահմանված որակավորման պահանջներին չհամապատասխանող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելուն։ 

Ստորև ներկայացվում է փոփոխությունների մանրամասն վերլուծությունը։

Փոփոխություն 1. Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ չհրապարակելը (Նոր խմբագրությամբ Հոդված 169.12)

Նոր կարգավորումները սահմանում են տուգանքների կտրուկ աճող, եռաստիճան համակարգ։
Ինչն է համարվում խախտում:
Ֆինանսական հաշվետվությունները սահմանված ժամկետներում պետական մարմիններին չներկայացնելը,
Դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը,
Հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում չհրապարակելը,

Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա հաշվետվությունները կամ դրանց հղումը սահմանված ժամկետներում չտրամադրելը։
Տուգանքների չափերը:
Առաջնային խախտման դեպքում նշանակվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով։
Եթե առաջին տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո 30 օրվա ընթացքում խախտումը չի վերացվում, կիրառվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1500-ապատիկի չափով։
Երկրորդ տուգանքը նշանակելուց հետո ևս 30 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում տուգանքի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի 4500-ապատիկի չափով։

Փոփոխություն 2. Որակավորմանը չհամապատասխանող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը (Նոր խմբագրությամբ Հոդված 169.13)
Խստացվել է նաև կազմակերպության հաշվապահության որակի նկատմամբ վերահսկողությունը։
Ո՞ր կազմակերպություններին է վերաբերում:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին կազմակերպություններին,
Կաավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններին։
Ինչն է համարվում խախտում:
Վերոնշյալ կազմակերպություններում «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված որակավորման պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը կամ այդ խախտումը սահմանված ժամկետում չվերացնելը։

Տուգանքների չափերը:
Առաջնային խախտման դեպքում (պահանջներին չբավարարող հաշվապահի աշխատանքի ընդունում) սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։
Եթե տուգանքը նշանակելուց հետո 30 օրվա ընթացքում խախտումը չի վերացվում, կիրառվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
Հիմնական եզրահանգումներ

Այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում կազմակերպության ղեկավարի համար սահմանվում է ուղղակի պատասխանատվություն, իսկ ֆինանսական պատժամիջոցների չափերը էականորեն մեծացվել են։

Օրենքը տարածվելու է իր ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթների վրա։ Հետևաբար, կազմակերպությունները պետք է վերանայեն իրենց ընթացակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով նոր, ավելի խիստ պահանջներին։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital