Փոխնակ մոր միջոցով ծնված երեխայի և ծնողի կապի ճանաչում․ կարո՞ղ է պետությունը անտեսել արտերկրում օրինականորեն հաստատված ծնողական կապը

Փոխնակ մայրության միջոցով երեխաների ծննդի շուրջ պետությունները կարող են ունենալ էապես տարբեր մոտեցումներ՝ այն թույլատրելուց մինչև ամբողջական արգելք։ Սակայն այլ պետությունում սուրոգատ մայրության միջոցով արդեն ծնված երեխայի դեպքում հարցն այլևս վերաբերում է ոչ միայն տվյալ վերարտադրողական եղանակի նկատմամբ պետության քաղաքականությանը, այլև երեխայի ինքնությանը, իրավական կարգավիճակին և ծնողների հետ նրա իրավական կապին։ Այս հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննեց Մենեսոնն ընդդեմ Ֆրանսիայի (Mennesson v. France) գործով։
Ֆրանսիացի ամուսիններ Դոմինիկ և Սիլվի Մենեսոնները, կնոջ անպտղության պատճառով, դիմել էին սուրոգատ մայրության ծառայությանը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որտեղ այդ գործընթացն օրինական էր։ Սաղմերը ստեղծվել էին ամուսնու սերմնաբջիջներով և դոնորական ձվաբջիջներով։ 2000 թվականին ծնվել էին երկվորյակ աղջիկներ։ Կալիֆոռնիայի դատարանը Դոմինիկ Մենեսոնին ճանաչել էր երեխաների կենսաբանական հայր, իսկ Սիլվի Մենեսոնին՝ նրանց իրավական մայր, և համապատասխան տվյալները ներառվել էին ծննդյան վկայականներում։
Ֆրանսիական իշխանությունները, սակայն, հրաժարվել էին այդ ծնողական կապը ճանաչել Ֆրանսիայի իրավական համակարգում՝ պատճառաբանելով, որ սուրոգատ մայրության միջոցով երեխաների ծնունդը հակասում է ֆրանսիայի իրավունքին։
Ֆրանսիական իշխանությունները գիտեին, որ ԱՄՆ-ում երեխաները հետ Մենեսոն ամուսինների կապը իրավական առումով ճանաչված էր, սակայն Ֆրանսիայում հրաժարվում էին այդ իրողությանը նշանակություն տալ։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ նման հակասությունը երեխաներին դնում էր իրավական անորոշության մեջ և բացասաբար էր անդրադառնում ֆրանսիական հասարակության մեջ նրանց ինքնության վրա։
Հատուկ նշանակություն ուներ այն հանգամանքը, որ նախատեսված հայրը նաև երեխաների կենսաբանական հայրն էր։ Ֆրանսիական իրավակարգը տվյալ պահին փաստացի արգելափակում էր ոչ միայն օտարերկրյա ծննդյան վկայականների ճանաչումը, այլև կենսաբանական հոր հետ ծնողական կապի այլ եղանակով հաստատումը։ ՄԻԵԴ-ը համարեց, որ որ Ֆրանսիան կարող է ձգտել չխրախուսել իր քաղաքացիներին արտերկրում դիմելու վերարտադրման մի մեթոդի, որն արգելվում է իր տարածքում (վերը նշված 62-րդ կետ): Սակայն վերը նշվածից պարզվում է, որ ֆրանսիական իրավունքով այս ճանապարհով բեղմնավորված երեխաների և նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի չճանաչման հետևանքները չեն սահմանափակվում միայն առաջին դիմումատուների կարգավիճակով, որոնք իրենք են ընտրել վերարտադրման այն ճանապարհը: Հետևանքները տարածվում են նաև երեխաների վրա, որոնց անձնական կյանքը հարգելու իրավունքը՝ ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա հաստատել իր ինքնության էությունը, այդ թվում` ազգակցական կապը, զգալիորեն խախտվել է: Այստեղ առաջանում այս իրավիճակի և երեխաների լավագույն շահերի է համատեղելիության հարցը, իսկ երեխաներին վերաբերվող ցանկացած որոշում պետք է ուղորդվի այդ շահերի պաշտպանությամբ:
Այսպիսով, թեև Դատարանը չգտավ ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում Մենեսոն ընտանիքի՝ ընտանեկան կյանքի իրավունքի մասով, այնուամենայնիվ, արձանագրեց 8-րդ հոդվածի խախտում՝ երեխաների անձնական կյանքի իրավունքի մասով։ Երեխայի իրավական ծագումը նրա անձնական ինքնության կարևոր բաղադրիչ է, և պետությունը չի կարող սուրոգատ մայրությունը կանխելու իր քաղաքականության հետևանքներն այնպես տարածել արդեն ծնված երեխայի վրա, որ անհամաչափորեն վնասվի նրա իրավական ինքնությունը։